ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Եվրոպական կառույցներն այս կերպ են արձագանքել ՌԴ նախագահի հեռուստաուղերձին ու անմիջապես դրանից հետո անկախության հռչակագրերի վերաբերյալ որոշումների ստորագրմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը:
Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։
Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել: Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: