ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինչ–որ պահանջներ է առաջ քաշելու` դիմելով քաղաքական առևտրի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա` մոսկովյան հանդիպումից առաջ Ադրբեջանը ՀՀ նախկին երկու նախագահների նկատմամբ հետախուզում հայտարարեց, մյուս կողմից շփման գծում կրկին հրահրեց սադրանքներ, ինչը դարձել է սովորական գործելակերպ, երբ արցախյան հիմնախնդրի առիթվ պետք է կայանան միջազգային կարևոր հանդիպումներ։ Հաշվի առնելով տվյալ երկու հանգամանքը, տպավորություն է ստեղծում, որ Ալիևը, Դանիելյանի համոզմամբ, Մոսկվայում գնալու է քաղաքական սակարկումների։
«Եթե ՌԴ–ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կան խութեր, ապա դա նշանակում է, որ կողմերը հանդես են գալիս որպես սուբյեկտներ, որոնց միջև կան տարաձայնություններ և որոնց շուրջ էլ ընթանում են բանակցություններ։ Ադրբեջանական կողմը մոսկովյան հանդիպմանը գնում է փաստարկներով, պահանջներ դնելուց առաջ կատարում է ինչ–ինչ քայլեր` պրոբլեմներ ստեղծելով ՌԴ–ի համար, որպեսզի համաձայնության գալու դեպքում շահի քաղաքական դիվիդենտներ։
Հարցն այն է, թե ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչ է անում, չէ՞ որ առևտուրը գնում է Հայաստանի շուրջ, որն այս պահին օբյեկտի կարգավիճակում է և լինելու է զիջողի դերում, ինչն էլ ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքն է կամ նախաձեռնությունների բացակայության արդյունքը»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի դիտարկմամբ` քաղաքականության մեջ բանակցող կողմերը միշտ պայմանավորվածություններ են ձեռք բերում օբյեկտի հաշվին, տվյալ դեպքում դրան նպաստում է Հայաստանի պասիվությունը։ Ըստ նրա` Ալիևը Ռուսաստանի հետ մերձենալու համար ունի նաև անձնական շարժառիթներ, ինչը պայմանավորված է իշխանությունը պահելու և Ադրբեջանում հանրային ընդվզումներից կամ գունավոր հեղափոխություններից խուսափելու հանգամանքով, իսկ ղազախական դեպքերը, ըստ քաղաքագետի, ցույց տվեցին, որ Ռուսաստանը կարող է կայունության երաշխավոր հանդիսանալ` հակազդելով միջազգայրին ուժերի ակտիվությանը հետխորհրդային տարածքի երկրներում։
Նշենք, որ փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստան մեկնող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը` քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։
Բացի այդ, կքննարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ–ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարությունների իրականացման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման միջոցառումները։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։