ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեժ քննարկում է գնում Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարության առնչությամբ։
Հայտնել էինք, որ ՔՊ–ն չի միանա այդ հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է դրան և կրկնվել պետք չէ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը նշեց, որ դեռ 2010-ին Թուրքիան և Ադրբեջանը կնքել են ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր։
«Այսինքն` դեռ այդ ժամանակ երկու երկրները համաձայնել են, որ ռազմական գործողությունների ժամանակ իրար օգնելու են։ ԱԳՆ–ն որևէ պատասխանով հանդես չի եկել»,–ասաց Կարապետյանը։
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը եզրակացրեց, որ ՔՊ–ն, ըստ էության, կողմ է հռչակագրին։
«Եթե ՔՊ–ն չի ուզում միանալ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությունը, ապա կողմ է այն բանին, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կողմ է, որ «Զանգեզուրյան միջանցքն» իրականություն դառնա, և ՀՀ–ն հետ կանգնի Ցեղասպանության ճանաչման պահանջից»,–ասաց Գրիգորյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ իր հերթին հավելեց, որ մանիպուլյացիա է այն հայտարարությունը, թե իշխանությունը կողմ է Շուշիի համաձայնագրին։ Աղաջանյանի խոսքով` ընդամենը մարտավարական բնույթ է կրում` ԱԺ անունից հայտարարություն տարածել-չտարածելու հարցը։
Այսպիսով` նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։