ՔՊ–ն չի միանա ընդդիմության հայտարարությանը. Շուշիի հռչակագիրն արդեն դատապարտել են

Գուրգեն Արսենյանը վստահեցնում է, որ ընդդիմադիրների առաջ քաշած հայտարարության տեքստը կրկնում է ՀՀ ԱԳՆ–ի` ավելի վաղ արված հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարությանը։ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժաղովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: Նախագծում նշված է, որ պետք է գնահատական տալ հռչակագրին, որովհետև այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ:

«Դեռևս 8 ամիս առաջ` 2021-ի հունիսին, ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է այս խնդրին` հրապարակային հայտարարության և մեկնաբանությունների տեսքով։ Առաջարկվող նախագծում ԱԳՆ արված հայտարարության առաջնային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է»,–ասաց Արսենյանը։

Նրա խոսքով` ՀՀ խորհրադարանը և արտաքին գործերի նախարարությունը պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն։
Արսենյանը հավելեց, թե խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում և ավարտվում հայտարարություններով։
Կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը». Թուրքիայի նախագահը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։