ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Տեղեկությունը հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ կառավարությունից էլ հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հիշեցնենք` վաղը` փետրվարի 22-ին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հայտարարվել է, որ նրանք կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպման արդյունքում կստորագրվի համագործակցության մասին հռչակագիր։