ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի արդեն իսկ երկրորդ նիստն էր։ Նիստի առաջին հատվածը բաց անցկացվեց, և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ներկայացրեց, թե ովքեր են ներկա նիստին։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս նիստերին, քանի որ կասկածում են իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ նման հանձնաժողովի անաչառության վրա։
«Այս նիստից բացակայում են ընդդիմադիրները` չենք անդրադառնա նրանց։ Նիստին անկախ խորհրդատուի կարգավիճակով ներկա են Արտակ Գասպարյանն ու Գարեգին Մխիթարյանը, որոնք պատվիրակված են անհետ կորածների և զոհվածների հարազատների կողմից։ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանն էլ անկախ խորհրդատու է»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` այնպես չէ, որ պատահական մարդիկ են ընտրված, և անհրաժեշտության դեպքում էլի մասնագետների կհրավիրեն։ Քոչարյանը վստահ է, որ «աղբյուրազուրկ են լինելու» այն կառույցները և մարդիկ, որոնք աղբյուր են փնտրելու նիստերին, քանի որ դրանք փակ են լինելու։
Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի անթերի։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կասի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի այն հայտարարության մասին, որ նա չի պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունի։ Լրագրողները հիշեցրին, որ ընդդիմությունն էլ իր հերթին չի մասնակցելու նիստերին։
Ի պատասխան Քոչարյանը նշեց, թե համոզված է` Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով, հակառակ դեպքում հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի։ Քոչարյանը հավելեց` ընդդիմությանը չմասնակցելը նիստերին փորձ էր լեգիտիմացնելու նման հայտարարությունները։
Սամվել Բաբայանը նույնպես արձագանքեց Մովսես Հակոբյանի հայտարարությանը` ասելով, որ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողների, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն։
«Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել պատերազմի դաշտում։ Ուստի, նրանք ընդդիմադիր չեն` մեկը գործող իշխանությունն է, մյուսը` ներկա իշխանությունից 4 ամիս առաջ գործած իշխանությունը։ Ընդդիմությունը մենք ենք»,–ասաց Բաբայանը։
Հանձնաժողովն անցավ փակ ռեժիմի` շարունակելով իր աշխատանքները։
Հիշեցնենք, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։