ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանում մինչ օրս արտադրվել և ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրվել մոտ 25 հազար դեղաչափ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են «Լիկվոր» ՓԲ ընկերությունից։
Ընկերությունից նաև ընդգծել են, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ռուսական կողմի հետ լիցենզիայի տրանսֆերի պայմանագրի հիման վրա։
«Մեր հետագա բոլոր գործարքների հետ կապված կնքվել է գաղտնիության պայմանագիր ռուսական ՈւՆՌՀ-ի (РФПИ) հետ»,– նշել են «Լիկվորից»։
ՀՀ առողջապահությունից նույնպես հաստատել են ընկերությունից 25 հազար դեղաչափ ստանալու հանգամանքը։
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին տրամադրվել է 19 285 դեղաչափ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ։ ՀՀ–ում փետրվարի 16-ի դրությամբ իրականացվել է 6518 դեղաչափ պատվաստում»,– հայտնել են «Լիկվորից»։
Հիշեցնենք` փետրվարի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 992 891 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել են 1 077 319 մարդ, երկրորդ դեղաչափը` 896 723։
Նշենք, որ Հայաստանը «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը հավանություն է տվել 2021 թվականի սեպտեմբերի 6-ին, սակայն պատվաստանյութը շրջանառության մեջ դրվել է դեկտեմբերի 6-ից։ «Լիկվոր» ընկերությունը ռուսական կողմից ստացած մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում: