ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին։
Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը:
Արքեպիսկոպոս Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։
Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։