ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունը ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի արդյունքները։
«Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց Սյունե Սևադային՝ «Կախվածություն» գրքի համար։
«Ցանկացած գրողի համար հաճելի է լինել առաջինը։ Այս նախագիծը շատ մոտիվացնում է թե՛ գրողներին, թե՛ ընթերցողներին, ինչի համար շնորհակալ եմ »,-ասաց Սևադան։
«Տարվա բեսթսելեր» ճանաչվեցին նաև հնդկական ծագումով կանադացի գրող Ռոբին Շարմայի գրքերը։
Նախագիծը յուրահատուկ կապող օղակ է հայ ստեղծագործողի, հայ հրատարակչի, ինչպես նաև արտասահմանյան ստեղծագործողների միջև, որոնց գործերը թարգմանվում են ու հրատարակվում են Հայաստանում։
«Անսպառ ստեղծարար» հատուկ մրցանակը շնորհվեց Արամ Անանյանին՝ «Երևանյան բեսթսելեր» նախագծի հիմնադրման և գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար։
«Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակը» շնորհվեց Լևոն Նեսին, որի թերևս ամենապահանջված վիպակը «Բալզակ. մի շան պատմությունն» է։
«Երևանյան բեսթսելեր» նախագծում ամենապահանջված թարգմանությունների համար մրցանակ շնորհվեց Նարինե Գիժլարյանին՝ Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանության համար։