Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսներ կգնի

Քաղաքապետը հանրային տրանսպորտի ուղևորներին կոչ է արել նոր ավտոբուսներում ու երթուղայիններում ուղեվարձը վարորդին չփոխանցել։ Նա հիշեցրել է, որ համայնքը միջոցներ է ծախսել մետաղադրամների համար արկղեր ներդնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքի միջոցների հաշվին մոտավորապես 15 նոր տրոլեյբուս գնել։ Այս մասին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

«Նոր ավտոբուսների համար արդեն իսկ 10 մլրդ դրամ է ծախսվել։ Առաջիկայում կառավարության աջակցությամբ ևս 25 մլն եվրո կտրամադրվի 100 ավտոբուս (12 մետրանոց) ներմուծելու համար», – հայտարարել է նա։

Խոսելով ուղեվարձի մասին` քաղաքապետն ուղևորներին հորդորել է գումարը վարորդներին չփոխանցել։ Նա հիշեցրել է, որ համայնքը միջոցներ է ծախսել մետաղադրամների համար արկղեր ներդնելու համար։
Սարգսյանը նշել, վարորդներին խղճալ պետք չէ, քանի որ նրանց ամսական աշխատավարձը 2 անգամ ավելի բարձր է, քան սահմանի զինծառայողինը։ Քաղաքապետն ասել է, որ վարորդները 270 հազար դրամ են ստանում այն դեպքում, երբ շարքային պայմանագրայինների աշխատավարձը 120-150 հազար դրամ է։
Առաջիկա օրերին ևս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով
Հիշեցնենք` 2022 թվականին քաղաքապետարանը ընդհանուր առմամբ նախատեսում է 200 ավտոբուս ձեռք բերել. 100 մեծ (12 մ) և 100 միջին (8.5 մ)։
Բացի այդ, ակտիվ աշխատանք է տարվում ուղեվարձերի էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ։ Մայրաքաղաքում տրանսպորտային նոր համակարգի ներդրումը 2-3 տարի կպահանջի։