Երևանի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Կասկադի շինարարությունը

Քաղաքային ադմինիստրացիան արդեն սկսել է ֆինանսավորման աղբյուրներ փնտրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Մայրաքաղաքի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Երևանի այցեքարտ հանդիսացող Կասկադ համալիրի շինարարությունը։ Այս մասին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես` Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ։
«Տարագիրներ ու երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է
Քաղաքային իշխանությունն արդեն սկսել է ֆինանսավորում փնտրել ճարտարապետական համալիրի շինարարությունն ավարտելու համար։
Մտահղացման համաձայն` Կասկադը պետք է կապի Կենտրոն վարչական շրջանը Արաբկիր և Զեյթուն վարչական շրջանների հետ։

«Նախևառաջ պետք է հասկանալ` ինչն է պետք այնտեղ ավարտին հասցնել, այնուհետև սկսել աշխատանքները։ Դա կարելի է քննարկել ճարտարապետների և միջազգային կազմակերպությունների հետ», – նշել է քաղաքապետը։

Սարգսյանը նշել է, որ նախորդ շաբաթ մի շարք հանդիպումներ է անցկացրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա` Ասիական զարգացման բանկը պատրաստ է միջոցներ հատկացնել քաղաքի գլխավոր նախագիծը նախապատրաստող մասնագետների ֆինանսավորման համար։
Քաղաքապետը կարգադրել է իրեն ներկայացնել անհրաժեշտ մասնագետների ցանկը։
Նշենք, որ Կասկադը բաղկացած է հինգ բաց տեռասներից։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով Կասկադի շինարարությունը մեկնարկել է 1971 թվականին և մասնակիորեն ավարտվել 1980 թվականին։
Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարար
Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի նախաձեռնությամբ 2002 թվականին աշխատանքը վերսկսեց։
2009 թվականի նոյեմբերի 17-ին համալիրում բացվեց թանգարան` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը, իսկ 2011 թվականին Կասկադի վերևի հատվածում` Ազնավուրի կենտրոնը։
Մինչ օրս անավարտ է մնում համալիրի վերևի հատվածը։