Անդրանիկ Քոչարյանը սխալվել է, ես չեմ պատրաստվում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին, որովհետև դա քաղաքական գործընթաց է, որին չեմ ուզում մասնակցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, ըստ որի` գեներալ-գնդապետ Հակոբյանը կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև հանձնաժողովի աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է, ուստի համոզմունք էր հայտնել, որ պարոն Հակոբյանն անպայման կգա Ազգային ժողով։ Հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որ պետք է իրեն տրվեր։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը հայտարարել էր, թե արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն, կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միևնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար: