ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ:
Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր։
Նա հատկապես ընգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ «Եվրանեսթի» նիստերը Երևանում տեղի կունենան փետրվարի 22-ին։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։
Նշենք նաև, որ նիստերին մասնակցելու համար Երևան է ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։