«Մարզվելու եմ». Վալիևան խոսել է Օլիմպիական խաղերից հետո իր ծրագրերի մասին

Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Ֆետիսովն առաջիններից էր, ով հասցրեց տուն ժամանելուն պես զրուցել օլիմպիական մեդալակիր Կամիլա Վալիևայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան մտադիր է Պեկինի Օլիմպիական խաղերից վերադառնալուց հետո շարունակել մարզումները։ Այս մասին նա հայտնել է օլիմպիական կրկնակի չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Ֆետիսովին, գրում է Sobesednik թերթը։
Ֆետիսովը հարյուրավոր երկրպագուներից մեկն էր, որ եկել էին օդանավակայանում դիմավորելու Վալիևային։ Պատգամավորը նշել է, որ որպես նախկին մարզիկ հասկանում է Կամիլային։
«Մենք զրուցեցինք նրա հետ, լավ էր, չնայած սկզբում նա մի փոքր լարված էր: Ես ասացի նրան, որ այստեղ բոլորն աջակցում են իրեն, որ նա ոչ մի բանում մեղավոր չէ», - ասել է Ֆետիսովը:
Նրա խոսքով՝ Վալիևան խոստացել է, որ մի քանի օրից կգնա մարզվելու։ Պատգամավորը ընդգծել է, որ Կամիլան արդեն իսկ աջակցություն է ստացել երկրի նախագահի և մարզական հանրության կողմից։
Ինչ վերաբերում է դոպինգ թեստի հետաքննությանը, ապա նախկին մարզիկը նշել է, որ հույս ունի, որ հետաքննությունը դրական կավարտվի ռուսական կողմի համար։ Միևնույն ժամանակ լավ իրավական աջակցություն է անհրաժեշտ՝ ապացուցելու, որ Վալիևան անմեղ է։
Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան փետրվարի 18-ին Մոսկվա է ժամանել Պեկինից, որտեղ անցկացվում էին Օլիմպիական խաղերը։
«Դուք նրան ոչնչացրիք»․ ինչպես մարզաշխարհն արձագանքեց Կամիլա Վալիևայի տապալմանը
Դեկտեմբերի վերջին արված նրա դոպինգ թեստը դրական արդյունք է տվել։ Մարզական արբիտրաժային դատարանը թույլատրել է չմշկորդին մասնակցել Պեկինի անհատական օլիմպիական մրցաշարին։
Փետրվարի 17-ին Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում 15-ամյա Վալիևան, որը կարճ ծրագրից հետո առաջատարն էր, չկարողացավ հաղթահարել ճնշումն ու ծանրաբեռնվածությունը՝ թույլ տալով մի շարք կոպիտ սխալներ։ Արդյունքում մրցույթի ֆավորիտը զբաղեցրեց չորրորդ տեղը։