ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում:
ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը։
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրենի հետ
© Photo : official site of MFA of RA
Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարարը փետրվարի 18֊ից Մյունխենում է։ Նա արդեն առանձին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Կանադայի և Իրանի արտգործնախարարների հետ։