ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հնագետները Աբու Դաբիից արևմուտք գտնվող Գագա կղզում հայտնաբերել են շենքերի ավերակներ, որոնց տարիքը գերազանցում է 8,5 հազար տարին, հաղորդում է The National News-ը:
Գտածոն գիտնականներին թույլ է տվել նոր հայտնագործություն անել. շինությունները ամենահինն են Արաբական միացյալ էմիրություններում հայտնի պատմական գտածոներից: Ավելի վաղ ամենահինը համարվում էր Մարավա կղզում՝ Աբու Դաբիի ափերի մոտ գտնվող շենքը: Այն 500 տարով ավելի «երիտասարդ» է, քան վերջերս հայտնաբերված ավերակները։
Մասնագետները կարծում են, որ քարե շինություններում հավանաբար տեղավորվել են այդ հարուստ երկրի առաջին համայնքները։ Դրանք իրենցից ներկայացրել են պարզ շրջանաձև սենյակներ՝ մինչև մեկ մետր բարձրությամբ։ Սենյակներում հնագետները հարյուրավոր արտեֆակտներ են հայտնաբերել, այդ թվում՝ վարպետորեն մշակված քարե նետագլխիկներ։ Դրանք օգտագործվել են որսի համար։
Փորձագետներն առայժմ չեն պարզել, թե որքան ժամանակ է գոյություն ունեցել այդ բնակավայրը և թե ինչու է լքվել մոտ հինգ հազար տարի առաջ։
Պարբերականը նշում է նաև, որ նախկինում համարվում էր, որ այս շրջանում բնակավայրերի կատալիզատորը հանդիսացել են ծովային առևտրային ճանապարհները, որոնք սկսել են զարգանալ նեոլիթի ժամանակաշրջանում։ Սակայն վերջին բացահայտումն ապացուցում է, որ մարդիկ շատ ավելի վաղ են սկսել ապրել այստեղ։
«Այդ հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ մարդիկ այստեղ բնակվել և տներ են կառուցել 8,5 հազար տարի առաջ,-մեկնաբանել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի նախագահ Մոհամեդ Ալ Մուբարաքը,- մենք նաև պարզել ենք, որ դա զարգացած հասարակություն է եղել, որը հազարամյակներ շարունակ ձգտել է միայն առաջընթացի»։
Նա հավելել է, որ բոլոր հայտնաբերված օբյեկտները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ պատմությունը և ըմբռնել կապը ԱՄԷ-ի ժողովրդի և ծովային հաղորդակցության միջև։ Սակայն մասնագետները դեռ շատ բան ունեն բացահայտելու, որպեսզի հնարավորինս շատ բան իմանան անցյալի մասին։