ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Դոնբասի փախստականների պատճառով Ռոստովի մարզի բոլոր մունիցիպալ միավորումների տարածքներում փետրվարի 19-ին ժամը 10.00–ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է առաջին փոխմարզպետ Իգոր Գուսկովը։
«Արտակարգ դրություն սահմանել կառավարման մարմինների և Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների կանխարգելման և ոչնչացման միասնական պետական համակարգի տարածքային ենթահամակարգի ուժերի համար», – ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է մարզում արտակարգ դրություն սահմանելու նպատակահարմարության մասին։ Չուպրիյանը նշել է, որ որոշումը ճիշտ է։
Նշվում է նաև, որ մարզի կառավարությունը աշխատանքային շուրջօրյա ռեժիմի է անցել։
ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի իշխանությունները փետրվարի 18-ին հայտարարել են, որ խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստան։ Ռոստովի մարզի հանգստյան բազաներում, հանգստավայրերում և առողջարաններում ժամանակավոր տեղավորման կետեր են ստեղծել, որտեղ կբնակեցնեն փախստականներին։
Փախստականներին ընդունելու հարցում օգնելու համար Ռոստովի մարզ են մեկնել ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանն ու Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։