Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր
Սերոբյանը ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող միակ թեկնածուն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի համար հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվեց Երվանդ Սերոբյանը։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի պետական համալսարանի մամուլի ծառայությունը։
Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա են եղել 19-ը։
Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ներկայացրել է ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանել հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։
Երվանդ Սերոբյան
ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն` կազմվել է հաշվիչ հանձնաժողով և կայացել փակ գաղտնի քվեարկություն:

Քվեարկության արդյունքում նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 19 անդամների ձայները բաշխվել են հետևյալ կերպ`12 կողմ, 7 դեմ։

Հիշեցնենք, որ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարն էր։ Դեռ 2019 թվականին ՇՊՀ ռեկտորի երկու ընտրություններն էլ տապալվել էին: Բացի այդ, ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)։
Քննությամբ պարզվել է, որ ռեկտորի պաշտոնակատարի անունով դասաժամեր են գրվել, բայց նա լսարան չի մտել և բարձր աշխատավարձից բացի լրացուցիչ գումար է ստացել: Գործի քննությունը ձգձգվում էր, ինչն էլ առիթ էր դարձել, որ լուրեր պտտվեին Սերոբյանի` այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմը լինելու և նրա հովանավորչությունը վայելելու մասին: Հարությունյանը հերքել էր այդ լուրերը։