ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք պահել ձեռքում, պաշտպանել իրենց ընտանիքներին, երեխաներին, կանանց, մայրերին։ Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում գալ զինվորական կոմիսարիատներ»,- հայտարարել է Պուշիլինը:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին էլ երկրի ղեկավարը հայտարարել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։
Պուշիլինն ասել էր, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը:
Նշենք, որ երեկվանից սկսվել է Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը Ռուսաստան։ Նրանց ժամանակավորապես կտեղավորեն Ռոստովի մարզում։