Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսվում է փետրվարի 19-ին։ Ո՞ր թիմին կհաջողվի հաղթել մրցաշրջանում, կամ ո՞ր թիմն է հավակնում վերջնական հաղթանակին։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք տալ մեր հոդվածում։
Չեմպիոնական մրցավազքի հիմնական հավակնորդները
Պրեմիեր լիգայի աշնանային հատվածից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող «Արարատ-Արմենիան» մյուսների համեմատ, բացի ավելի շատ միավորներ վաստակելուց, նաև համեմատաբար լավ խաղ էր ցուցադրում։ Թիմը շատ լավ բալասավորված է։ Խաղային օղակներում հանդես են գալիս փորձառու ու վարպետ ֆուտբոլիստներ։ Հետապնդողների նկատմամբ ութ միավորի առավելությունն էլ խոսում է այն մասին, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոնական իր երրորդ տիտղոսը ապահովելու համար պատրաստ է պայքարել մրցակիցների դեմ։ «Փյունիկում» գրանցված բազմաթիվ տրանսֆերները հուշում են, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ամեն ինչ անելու է «Արարատ-Արմենիային» շրջանցելու ու առաջին հորիզոնականը ապահովելու համար։
Աշնանային հատվածի վերջնամասում «Փյունիկը», վեց անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո(այդ թվում նաև «Արարատ-Արմենիայի» նկատմամբ), սայթաքեց «Արարատի» հետ խաղում՝ 2։6։ Բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գրանցված նոր խաղացողների թիվը խոսում է այն մասին, որ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը պատրաստվում է նոր հաղթանակների։
Այս երկու թիմերի պայքարին չեմպիոնական մրցավազքում կարող է միանալ «Ալաշկերտը»։ Նորանշանակ մարզիչ Արամ Ոսկանյանը, որը թիմի համար նորեկ չէ, քանի որ ժամանակին արդեն մարզել է այն, Ղազախստանից Հայաստան վերադարձել է ոչ դատարկ ձեռքերով։ Նրա հետ մեկտեղ «Ալաշկերտի» գրանցում են ստացել Ոսկանյանի նախկին թիմի՝ «Ատիրաույի» երկու ֆուտբոլիստներ։ Բայց հենց հիմա կարող ենք նշել, որ «Ալաշկերտի» համար չափազանց դժվար է լինելու ոսկե մեդալի համար պայքարին խառնվելը։ Թիմը 19 միավոր զիջում է առաջատարին, 11 միավորով էլ հետ է մնում «Փյունիկից»։
Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիրը
Չեմպիոնական պայքարին հավակնող երեք թիմերից միայն մեկին է հաջողվելու հասնել իր նպատակին։ Այսինքն` մյուս երկուսը ռեալ կարող են մտածել մրցանակային տեղերի մասին, որը միաժամանակ հնարավորություն կտա հանդես գալու Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Բայց այնպես չէ, որ միայն վերոնշյալ երկու թիմերն են հավակնելու երկրորդ ու երրորդ տեղերին։ «Արարատը», «Նոան» և «Ուրարտուն» հաստատ կպայքարեն առաջին եռյակում տեղ գտնելու համար։ Մրցաշարային աղյուսակը հուշում է, որ «Արարատը» հիմա ավելի մոտ է այդ նպատակին, քանի որ ութ միավոր ավելի է վաստակել «Նոայից» և 14 միավոր ավելին ունի, քան «Ուրարատուն»։
Բայց «Արարատում» որոշակի ճգնաժամ կարող է լինել, քանի որ թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, առաջնության գլխավոր ռմբարկու Սերժ Դեբլեն էլ տեղափոխվեց «Փյունիկ», իսկ առանցքային պաշտպան Ժիրայր Մարգարյանը հանդես է գալու Ուկրաինայում։ Նոր ֆուտբոլիստներ թիմը ձեռք չի բերել, և դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Արարատում» հերթական անգամ գլուխ է բարձրացրել ֆինանսավորման հարցը։
«Նոան», որը առաջնության մեկնարկից առաջ նշում էր, որ փոխում է ակումբի զարգացման ուղղությունը, շեշտը դնելով ակադեմիայի զարգացման վրա, հետո փոխեց իր միտքը և մասնավորապես ձմեռային տրանսֆեային պատուհանի ընթացքում զգալի փոփոխություններ կատարեց թիմում։ 14 ֆուտբոլիստներ հեռացան, ինը նոր ֆուտբոլիստներ եկան։ «Ուրարտուն» այնքան էլ ակտիվ չէր նոր տրանսֆերների հարցով, բայց ակումբի սան Էրիկ Վարդանյանի վերադարձը, կարող է փոխել թիմի արդյունքները։
Աղյուսակի հետնապահները
«Վանի» ու «Նորավանքի» հիմնական առաջադրանքը Պրեմիեր լիգայում հաստատվելն է։ Այդ առումով դա ավելի է վերաբերում «Նորավանքին», որը, կարելի է ասել, համարյա ամբողջովին թարմացրել է իր կազմը, բայց «Վանն» էլ դժվար կարողանա աղյուսակում մեծ թռիչք իրականացնել։ Ինչ վերաբերվում է ԲԿՄԱ-ին, ապա մրցաշրջանի մեկնարկից առաջ էլ պարզ էր, որ բանակային ֆուտբոլիստների հիմնական խնդիրը ոչ միայն միավոր վաստակելն է, այլ ավելի շուտ փորձ ու վարպետություն ձեռք բերելը։
Ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպա
Գավաթի խաղարկությունը հայկական յուրաքանչյուր ակումբի համար Եվրոգավաթների, տվյալ դեպքում Կոնֆերնցիաների լիգայի մասնակցության ամենակարճ ճանապարհն է։ Բայց ոչ բոլորին է հաջողվում անցնել այդ ճանապարհը։ Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ զույգերում Պրեմիեր լիգայի աղյուսակի առաջատարներից միայն «Արարատն» է, որը եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է «Նորավանքի» հետ։
«Ուրարտուն» էլ մրցելու է «Վանի» հետ։ Այսինքն` այս պահին չի բացառվում, որ Պրեմիեր լիգայի աղյուսակի հետնապահները հայտնվեն եզրափակիչում կամ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեն, ինչը տրվում է Հայաստանի գավաթակիր թիմին։