ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ և ԱՀ մարդու իրավունքի պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հայտարարված քրեական հետապնդման հետ կապված։
Շեշտվում է, որ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ։
Փաստացի շարունակվումէվարվելցեղասպանքաղաքականություն։
«Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար»,–նշված է համատեղ հայտարարության մեջ։
Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում նաև COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել նրանց բազմաթիվ զեկույցներում:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդուն ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա»,–նշում են օմբուտսմանները:
Շեշտվում է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքների համար:
Համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
Նշենք, որ փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։