ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վրաստանում ներկայացրել են, թե ինչ փուլում է Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Ներկայում Խաչի լեռնանցքի մոտ 9 կիլոմետրանոց թունելից արդեն փորվել է 770 մետրը։
Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
9-կիլոմետրանոց թունելի կառուցում Խաչի լեռնանցքի տակ, Վրաստան
«TBM (Tunnel Boring Machine) թունելային հորատման մեքենայով փորվել է հիմնական թունելի 770 մետր հատվածը, ընթանում է երկաթբետոնե սալիկների տեղադրումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զուգահեռաբար շինարարներն աշխատանքներ են իրականացնում տարհանման թունելում, սահմանվում են ժամանակավոր ամրացնող հարմարանքներ։
9-կիլոմետրանոց թունելի կառուցում Խաչի լեռնանցքի տակ, Վրաստան
Այս պահին տարհանման թունելում հորատվել է 2644 մետր հատված։ Ակտիվ աշխատանքներ են տարվում 23 կմ երկարությամբ մուտքային ճանապարհի մոտ:
Նախագիծն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետները փոխվել են։ Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
9-կիլոմետրանոց թունելի կառուցում Խաչի լեռնանցքի տակ, Վրաստան
Խաչի լեռնանցքի տակ կառուցվող այդ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերից: Ընթացիկ նախագիծը կավարտվի 2024 թվականին։