ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Այսպես, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել էր բազմամարտում, երեկ լավագույնն է եղել նաև ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև զուգափայտերի և պտտաձողի վրա:
Նժույգթափերում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա՝ Վահագն Դավթյանը:
«Գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է ավելի լավ հանդես գային: Գուցե խնդիրն այն էր, որ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց։ Սակայն լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»,–ասել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Նշենք, որ ազատ վարժություններում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մամիկոն Խաչատրյանը:
Նժույգթափերում արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, իսկ եռյակը եզրափակել է Գագիկ Խաչիկյանը: Օղակների վրա լավագույն երկրորդ արդյունքը ցույց է տվել Արթուր Ավետիսյանը, երրորդը՝ Արթուր Դավթյանը:
Հենացատկում արծաթե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Ռոբերտ Գյուլումյանը: Զուգափայտերի վրա երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը, իսկ պտտաձողի վրա՝ Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա այստեղ ազատ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մանե Պողոսյանը, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը: