ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում քննարկելու իրավիճակը Դոնբասում՝ սադրանքները կանխելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինական պատվիրակությունն իր Telegram ալիքում հայտարարել է, որ խմբում ԵԱՀԿ համակարգողի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին նախատեսված արտահերթ նիստը չի կայացել «ռուսական կողմի մերժման պատճառով»։
Իր հերթին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Կիևը հույս ունի, որ կոնտակտային խմբի հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և պատրաստ է անել ամեն ինչ հրադադարը վերականգնելու համար։
«Մենք հուսով ենք, որ նման հանդիպում տեղի կունենա վաղը: Մենք պատրաստ ենք աշխատել, պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի և խաղաղ բնակչությունը չտուժի»,- ասել է Վերեշչուկը այսօրվա ճեպազրույցում:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ Կիևից Դոնբասի ազատագրման հրաման չեն ստացել։
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են ուժով գրավել Դոնբասը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի անցնել հարձակման և իրականացնել ԴԺՀ–ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու ծրագիրը։ Այս կապակցությամբ Պուշիլինն ազդարարել էր ԴԺՀ բնակչության զանգվածային տարհանման մեկնարկը։