Հայտնի է` ԱԺ–ն երբ կընտրի ՀՀ նախագահին. «Ժողովուրդ»

Վահագն Խաչատուրյանը` ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ և դիմել է ընդդիմության օգնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի- Sputnik . Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին:

«Իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ և դիմել է ընդդիմության օգնությունը, սակայն նրանց մտադրությունը չի հաջողություն չի ունեցել։ Ըստ էության, նրանք արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի»,–գրում է թերթը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի:
Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, և ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին։ «Դա էլ ենթադրում է, որ արագ պետք է կազմակերպեն ընտրության երկրորդ փորձը, այսինքն՝ ՀՀ նախագահի ձախողված ընտրության փորձից անմիջապես հետո կլինի 2-րդ փուլը, և նախատեսված է նախագահի ընտրությունն ավարտել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում»,–գրում է թերթը:
Պետք է խաղաղության թեզով հարևանների հետ հարաբերություններ հաստատենք. Վահագն Խաչատուրյան
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: