Ջոզեֆ Բայդենը որոշել է ԱՄՆ-ում պահվող աֆղանական Կենտրոնական բանկի փողերը փոխանցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին, թեև գրոհը կազմակերպած գրոհայիններից ոչ ոք աֆղանցի չէր: Քաբուլում վրդովվել են, փողոցներում հարյուրավոր ցուցարարներ են։ ՌԻԱ Նովոստին փորձել է պարզել՝ ինչու է Սպիտակ տունն այդ քայլին դիմել։
Մի կեսը ձեզ, մյուսը՝ մեզ
ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել Աֆղանստանի արժութային պահուստների յոթ մլրդ դոլարի արգելափակման մասին։ Այդ գումարը պահվում է ամերիկյան բանկերում: Երեք ու կես միլիոնը կուղղվի 2001-ի սեպտեմբերի 11-ին զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ Երկրորդ կեսը՝ աֆղանական հումանիտար կազմակերպություններին։
Այդ ակտիվները տեղափոխել են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հատուկ հաշվին։ Թույլտվությունը պետք է տրամադրի նահանգի դատարանը։
Քաբուլը ոսկու արժույթով ավելի քան ինը միլիարդ դոլար ունի: 7-ը պահվում է ԱՄՆ- ում, մնացածը՝ Գերմանիայում, ԱՄԷ-ում և Շվեյցարիայում։ Վաշինգտոնում բազմիցս նշել են, որ աֆղանական իշխանությունը վերջին քսան տարիների ընթացքում այդ միջոցները հավաքել է հիմնականում ամերիկյան օգնության շնորհիվ:
ՄԱԿ-ում դատապարտել են Բայդենի հրամանագիրը։ Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել ապաարգելափակել ակտիվները:
Պեկինում ավելի կտրուկ են արձագանքել։ «Գողերի պահվածք է։ Դա ևս մեկ անգամ հաստատում է՝ աշխարհակարգը, որի օգտին հանդես է գալիս ԱՄՆ-ն, չի պաշտպանում թույլերի իրավունքներն ու արդարությունը, այլ միայն պաշտպանում է Վաշինգտոնի գերիշխանությունը», - ասել են Չինաստանի ԱԳՆ-ում:
«Ինչու՞ աֆղան ժողովուրդը, որը ոչ մի կերպ չի մասնակցել այդ ահաբեկչությունների կազմակերպմանը, հիմա պետք է վճարի դրա դիմաց, - վրդովվել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,– չափազանց բարդ հումանիտար իրադրության պայմաններում, որը ստեղծվել է այդ թվում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի այլ անդամների ձախողված ռազմական արշավի արդյունքում, Վաշինգտոնը փաստացի խորացնում է հումանիտար ճգնաժամն Աֆղանստանում»:
Իսկ Քաբուլում ու Ջելալաբադում բողոքի ակցիաներ են անցկացվել։ «Դադարեցրեք թշնամանքն աֆղան ժողովրդի դեմ», «ԱՄՆ-ն ու դրա դաշնակիցները պետք է վճարեն հազարավոր աֆղանցիների սպանության ու Աֆղանստանի ոչնչացման համար». նման պաստառներով էին ցուցարարները փողոց դուրս եկել։
Պատժամիջոցներն օգնության փոխարեն
«Աֆղանական փողերի գողությունը երկրի ու հասարակության մարդկային ու բարոյական քայքայման վկայությունն է»,– Twitter– ում գրել է Կատարում թալիբների քաղաքական կազմակերպության ղեկավար Մուհամեդ Նաիմը:
ԱՄՆ-ն չի կատարում պայմանավորվածությունները։ Արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մուտակիի խոսքով՝ Վաշինգտոնն այդպես էլ սև ցուցակներից չի հանել աֆղանական նոր կառավարության անդամներին, իսկ երկրի վերականգնման հարցում օգնության փոխարեն պատժամիջոցներ է սահմանել:
Առաջին անգամ թալիբներին աջակցել է նաև Աֆղանստանի նախկին իշխանությունը։ Նախկին նախագահ Համիդ Քարզայը Վաշինգտոնին խնդրել է «հանուն ապագա սերունդների» անհապաղ վերադարձնել այն միջոցները, որոնք պատկանել են «ոչ թե կառավարությանը, այլ աֆղան ժողովրդին»:
Ջոզեֆ Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի պետական պահուստները անցյալ տարվա օգոստոսի 15-ին: Ամերիկացիները թեև չկարողացան խանգարել նախագահ Աշրաֆ Ղանիի ռեժիմի անկմանը, սակայն պահպանեցին Քաբուլի վրա ճնշման հզոր լծակը։ Թալիբները Կոնգրեսին կոչ են արել վերադարձնել ֆինանսական միջոցները անարգել տնօրինելու հնարավորությունը: Բայց Սպիտակ տունը հասկացրել է՝ չարժե դրա վրա հույս դնել։
Ռուսաստանն ու Չինաստանը խոսել են հարցը ապաքաղաքականացնելու և «արևմտյան բանկերի հաշիվներում աֆղանական փողերն անհապաղ ապաարգելափակելու» անհրաժեշտության մասին: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այդ ժամանակ երեխաներին օգնելու, բժշկական սարքավորումներ ու դեղեր ձեռք բերելու հնարավորություն կստեղծվի։ «Դա զենքի համար չի օգտագործվի. Աֆղանստանում «Թալիբանին»* զենք պետք չէ։ Այնտեղ արդեն միլիարդավոր դոլարներով զենք են թողել», - նշել է Ռուսաստանի առաջնորդը՝ հավանաբար նկատի ունենալով ամերիկացիների ու նրանց դաշնակիցների` երկրից արագ հեռանալու հետևանքները։
Վաշինգտոնն ու Բրյուսելը քաղաքական պայմաններ են առաջ քաշում՝ համաներում նախկին կառավարության հետ աշխատող աֆղանցիներին, բազմակուսակցական կառավարություն, դպրոցական կրթություն աղջիկների համար։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, Ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Օմար Նեսարը նշում է, որ պատմական տեսանկյունից եզակի իրավիճակ է ստեղծվել։
«Մի կողմից` թալիբներին դեռ չեն ճանաչել։ ԱՄՆ-ում կարծում են, որ դա պետք է կոլեկտիվ գործընթաց լինի (նույն տեսակետն ունի, ի դեպ, նաև Ռուսաստանը): Մյուս կողմից՝ բոլորը շփվում են «Թալիբանի»* հետ։ Թեև տարբեր մակարդակներում։ Աֆղանստանում որոշ պետությունների դեսպաններ են աշխատում, դիվանագիտական առաքելություններ էլ կան։ Այնպես որ, ինչ- որ առումով ճանաչումը տեղի է ունենում, բայց պաշտոնապես այդ մասին չեն խոսում», - պարզաբանում է քաղաքագետը։
Աֆղանստանի իշխանությունը ևս մեկ անգամ կփորձի ապաարգելափակել որկու արժույթի պահուստները։ Մի պատվիրակությունը Կատար է ուղարկել՝ Եվրամիության ու Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպելու, մյուսը՝ Մեծ Բրիտանիա։ Սակայն ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը կարծում է, որ դժվար թե նրանց ընդառաջեն։
«ԱՄՆ-ում այդ որոշումը կայացրել են` ավելի շատ ելնելով ներքաղաքական իրավիճակից՝ Բայդենի վարկանիշի անկումը, քննադատություն Աֆղանստանից փախչելու համար։ Սա հասարակական կարծիքի վրա ազդելու փորձ է։ Վաշինգտոնն ազդանշան է ուղարկում՝ մենք պատրաստ չենք ճանաչել թալիբներին։ Սակայն Քաբուլի համար հատուկ հետևանքներ չեն լինի», - վստահ է Օմար Նեսարը։
Եվ դա ոչ մի կերպ չի ազդի հումանիտար իրավիճակի վրա։ Այն ծանր էր ու այդպիսին էլ կմնա։
*Կազմակերպությունը ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում։