ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի Ադոնցի փողոցում երեկ` փետրվարի 17-ին, 34-ամյա տղամարդու են դանակահարել` պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ահազանգը ստացվել է փետրվարի 17-ին, ժամը 20։35-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից։ Տղամարդը ԲԿ է տեղափոխվել «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող թափանցող վերք՝ մեծ ճարպոնի վնասումով» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) և այժմ իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Նախաքննության ընթացքում տղամարդը ճանաչվել է տուժող, զննության է ենթարկվել հիվանդանոցի կրիմինալ մատյանը, առգրավվել է տուժողի հագուստը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը՝ արնանման հետքերով, ինչպես նաև նշված դանակի տուփը:
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: