ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, դատական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով պատժել երկու կանանց, որոնք համացանցում լուրեր են տարածել, թե ինքը տրանսգենդեր է։ Տեղեկությունը հայտնում է Le Figaro գործակալությունը։
Նշվում է, որ նման տեղեկություններ առաջին անգամ հայտնվել են աջ ծայրահեղական աղբյուրներից մեկում (ֆրանսիական լրատվամիջոցներն այս պատմությանը հետևել են ոմն Նատաշա Ռեյի հոդվածով), որից հետո լուրեր են տարածվել, որ Բրիջիտ Մակրոնը իսկզբանե տղա է ծնվել և նրան տվել են Ժան-Միշել անունը։ Այս տեղեկությունը համացանցում սկսեցին ակտիվորեն տարածել QAnon դավադրության տեսության կողմնակիցները, որոնք դեմ էին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և իրականացնում էին «հակամակրոնական» ակտիվ քարոզչություն։
Բրիջիտ Մակրոնի (նա առաջին ամուսնությունից երեք չափահաս երեխաների մայր է) փաստաբանը հաստատել է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը քայլեր է ձեռնարկում:
«Նա որոշել է դիմել դատարան, գործն ընթացքի մեջ է»,- AFP-ին հաստատել է փաստաբան Ժան Էնոչին։
Նշվում է, որ քաղաքացիական գործով առաջին դատական նիստը նշանակված է հունիսի 15-ին։
Հունվարին Բրիջիտ Մակրոնն ասել էր, որ այդ կանայք կեղծ լուրեր են տարածում իր իբր տրանսգենդեր լինելու մասին և համացանցում փոխել են իր տոհմածառի տվյալները։