Էլեկտրական ավտոբուսներ, հավաքակայաններ և աղբավայրեր. քննարկել են Երևանի զարգացման ծրագրերը

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ
Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:
Առաջարկելու ենք 30-50% սուբսիդավորում տրամադրել պարարտանյութերի գների մակարդակով. Քերոբյան
Քննարկվել է նաև բանկի աջակցությամբ իրականացվող Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման ընթացքը: Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։