Դիմակից` վառելանյութ. հայ աշակերտներն էկոլոգիական նոր լուծում են առաջարկում աշխարհին

Sputnik Արմենիան զրուցել է աշակերտների հետ և պարզել, թե ինչպես է նախագծի միտքն առաջացել և ինչ խնդիրներ կլուծվեն դրա շնորհիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթում իրենց «RenéMask» վերամշակման նախագծով անցել են եզրափակիչ փուլ։ Նրանք փորձում են էկոլոգիական թեմայով նորարարական լուծում առաջարկել աշխարհին։

Կլուծվեն ՀՀ բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի խնդիրները

Միտքն Իլյայի մոտ առաջացավ 2020 թվականին, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը և ամբողջ աշխարհում մասսայաբար սկսեցին օգտագործել բժշկական դիմակները։
Իլյա Լալազարյանը` լաբերատորիայում
Նախագծի վրա Իլյան սկզբում մի քանի ամիս միայնակ էր աշխատում, հետո, տարբեր շրջաններում, նրան միացան Նանեն ու Մերին։

«Պանդեմիայի սկսվելուց հետո շատ ենք տեսնում, որ դիմակները հայտնվում են գետնին, աղտոտում են մեր միջավայրը։ Որոշեցի ստուգել, թե ինչ նյութերից է բաղկացած բժշկական դիմակը ու պարզեցի, որ այն նույնպես պլաստիկի մի տեսակ է, ինչը բնապահպանական խնդիր կարող է առաջացնել։ Ուսումնասիրեցի, որ Հայաստանում ու տարածաշրջանում չկա բժշկական դիմակների թափոնների կառավարման սիստեմատիկ մշակված համակարգ»,– նշեց նախագծի հեղինակը։

Ասում է` որոշեց այդ խնդրով զբաղվել ու ստեղծվեց«RenéMask» նախագիծը։ Այն լուծում է առաջարկում ՀՀ–ում միանգամից 2 մտահոգիչ խնդրի համար, որոնք են շրջակա միջավայրի աղտոտվածությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկը։
Իլյա Լալազարյանը` լաբերատորիայում
Թիմի անդամները շեշտում են` ապագայում իրենց նախագիծը կարող է Հայաստանի համար տնտեսական, դիվանագիտական լծակ հանդիսանալ` կայունանալու, անկախանալու առումով։ Նրանց կարծիքով` եթե վառելանյութը մտնի մեծ արտադրություն` հնարավոր կլինի նվազեցնել Հայաստանի կախվածությունը ներկրումից։
Իլյա Լալազարյանն ու Նանե Ենգիբարյանը` լաբերատորիայում
Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում, որոշ շարժիչներում։ Դիմակներ հավաքելը սկսել են դպրոցից։ Դրանք սկզբում ախտահանել են, ապա մասնատել ու սկսել վերամշակումը։
Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը
Իլյան իր գաղափարի մասին պատմել է քիմիայի ուսուցչին` Լիլիթ Համբաձումյանին, նրա հետ քննարկել այն։
«Հետո իմացանք մրցույթի մասին, երեխաները որոշեցին մասնակցել ու եզրափակիչ փուլ անցնել։ Մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ, և Հայաստանն այժմ լավագույն տասնյակում է։ Մրցույթը փակ է, մենք չգիտենք, թե մյուս 9 թիմն ինչ են ներկայացրել, սակայն շուտով, երբ լինի վերջնական մրցույթը, կարծում եմ` հնարավորություն կլինի ծանոթանալու մյուս նախագծերին»,– ասաց ուսուցչուհին։
Քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբաձումյանը
Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագծի մրցակից ինը նախագծերը Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից են։ Լավագույն տասնյակի դպրոցներից են հեղինակավորEton Collage (ՄԲ), Havergal College (Կանադա), International School of Zug and Luzern (Շվեյցարիա) և այլն։

Ինչպե՞ս է բաշխվել թիմային աշխատանքը

Նանեն հեշտ է համաձայնել միանալ թիմին, քանի որ մշտապես հետաքրքրված է եղել էկոլոգիական թեմաներով։
Նանե Ենգիբարյանը
«Իլյան ներկայացրեց ինձ իր առաջարկը, և ես ցանկացա ներգրավվել այդ ծրագրում ու իմ ներդրումն ունենալ երկիրս մաքուր պահելու հարցում։ Աշխատում ենք քիմիական մեթոդի մշակման ուղղությամբ, որպեսզի վերամշակումից հետո ելքը հնարավորինս արդյունավետ լինի»,– ասաց Նանեն։
Մերին էլ ապահովում է նախագծի կազմակերպչական հատվածը` ուսումնասիրութուններ է կատարում, վիճակագրական տվյալներ փնտրում, կապեր հաստատում տարբեր կազմակերպությունների հետ։
Մերի Շուշանյան
«RenéMask»–ը կարող է դառնալ Հայաստանի մենաշնորհային գաղափար
Մերին ընդգծեց` ցանկանում են, որպեսզի նախագիծը համաշխարհային մասշտաբով դառնա դիմակների մշակման գլխավոր ռազմավարություն։
Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը
«Այս նախագծից ցանկացած երկիր կարող է օգուտ ստանալ, ու առաջինը կսկսենք մեր երկրից ու հենց մեր օրինակով կտարածենք աշխարհում։ Կարծում եմ` «RenéMask»–ը հնարավոր է դարձնել Հայաստանի մենաշնորհային գաղափար, որտեղից բխում է այն ու տարածվում ամբողջ աշխարհում»,– ասաց Մերին։
1 / 4

Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը

2 / 4

Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը

3 / 4

Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը

4 / 4

Բժշկական դիմակից հեղուկ վառելիք ստանալու գործընթացը

Տարբեր դոնորների հետ արդեն համագործակցություն կա

Որոշ կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են«RenéMask» նախագծով և ցանկանում են ֆինանսավորել այն, արդեն իսկ կան համագործակցություններ։
«Նրանք և՛ Հայաստանից են, և՛ արտերկրից։ Կփորձենք այլ դոնորներ էլ գտնել մեր նախագիծն ավելի զարգացնելու և ընդարձակ դարձնելու համար»,– ասաց Իլյան։
The Earth Prize-ը բնապահպանական կայունության մրցույթ է 13-19 տարեկան աշակերտների թիմերի համար, որոնք սովորում են նույն դպրոցում։ Մրցույթի պահանջն է, որ աշակերտների թիմերը ներկայացնեն բնապահպանական որևէ խնդրի լուծում՝ միտված աշխարհն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելուն։
Մրցույթի եզրափակիչը կկայանա մարտի 25-ին։ Աշակերտներն իրենց նախագծերն առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։
Գիտնականները ՏՏ-ից կհեռանա՞ն․ ինչի համար են ավելացնելու գիտության բյուջեն Հայաստանում