Ազարյանն առաջարկել է ԲԴԽ-ին՝ բարձրացնել Անդրեասյանին պատասխանատվության ենթար­կելու հարցը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրություն է ուղարկել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ իր դժգոհությունն արտահայտելով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վարքագծից։
Այդ մասին նշված է ՀՀ դատավորների միության տարածած հաղորդագրության մեջ։
Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ փետրվարի 11-ին ու փետրվարի 14-ին տված հարցազրույցներում նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատա­վոր­ներին վիրավորող և պիտակավորող, դա­տական իշխա­նութ­ան հեղի­նա­կությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի:
«Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պարտականությանը, գտնում եմ, որ տվյալ հար­ցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում»,-նշել է Ազարյանը:
Ըստ նրա՝ Կ.Անդրեասյանի մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դատավորների արժանապատ­վությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտակավորումները, անվանար­կումները, դատավորների դասա­կար­գումները և այդ դասակարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատկապես՝ արդարադատության նախա­րարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառա­յողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկա­ծի տակ է դնում նախա­րար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակալությունը:
Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկա­յությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրի­նական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին:
Տվյալ դեպքում նախարարը, ըստ Ազարյանի, պարտավոր էր և պար­տավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտան­գել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատա­վորների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կար­գապահական վա­րույ­թ­ների շրջանակներում:
Եկել եմ ընտրվելու. Ազարյանը` Դատավորների միությունում ընտրությունը տապալելու լուրերի մասին
Նշվում է, որ հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմա­նավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բար­ձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություն­ներին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելն ու այլն, բովանդակում են ԲԴԽ անդամ­ների գործու­նեությանը ոչ իրավաչափ միջամտության տար­րեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադա­տութ­յան գաղափարների հետ:
Ալբերտ Ազարյանը, հաշվի առնելով վերը նշվածները, Բարձրագույն դատական խորհրդին առաջար­կում է իրավասու մարմնի առջև բարձրացնել ՀՀ արդարադատության նախարարին պատասխանատվության ենթար­կելու հարցը։