Ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայ–թուրքական հարաբերությունների հաստատումը բնական ընթացակարգ ունի` նոտաներով փոխանակվում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, դեսպանատներ են բացում և այլն։ Իսկ այսօրվա ֆորմատով մենք ոչ թե բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. օրակարգը ձևավորել է Ադրբեջանը, որը ներկայացվելու է Թուրքիայի կողմից»,–ասում է Քոչարյանը` հավելելով, որ այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու։

Իսկ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո, ըստ Քոչարյանի, մի շարք ապրանքների համար խնդիրներ են լինելու` առաջին 5 տարիներին մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու։
Նրա խոսքով` մինչ օրս չկա լրջագույն հաշվարկ, թե ինչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո։ Սակայն սա, ըստ Քոչարյանի, չի նշանակում, որ պետք չի դրան գնալ, պարզապես պետք է 3-5 տարվա ծրագիր ունենալ շուկան պաշտպանելու համար։
Քոչարյանը հավելեց, որ հայ–թուրքական սահմանը բացելուց թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան մենք։ Իսկ սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։
Լուկաշենկոն ասում է այն, ինչ մտածում է, ինչ մտածում են ուրիշները. Քոչարյան
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։