Թուրքական մամուլն ակտիվորեն քննարկում է Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման հարցը

Երկաթուղու վերագործարկման հավանականությունը մեծ է, եթե դա Թուրքիան է ուզում, այլ հարց է՝ դա ինչքանով է Հայաստանին ձեռնտու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների` փետրվարի 24-ին Վիեննայում սպասվելիք հանդիպմանն ընդառաջ թուրքական պետական և իշխանամետ մամուլը սկսել է ակտիվ մեկնաբանել բանակցությունները` հատկապես ուշադրություն հրավիրելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախկինում գործող և 1993թ. գործունեությունը դադարեցրած Գյումրի–Կարս երկաթուղու վրա։ Թուրքական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ երկաթուղու գործարկումը պիտի տնտեսապես շահավետ լինի երկու կողմի համար։
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տարբեր հրապարակումներով պարբերաբեր անդրադառնում է այդ հարցին։ Օրինակ` գործակալությունը հարցազրույց էր արել երկաթուղու նախկին աշխատողներից մի քանիսի հետ, որոնք, ըստ աղբյուրի, ասել էին, որ շատ են ցանկանում, որ Գյումրի–Կարսը կրկին գործարկվի ու համոզված են, որ այն նպաստավոր ազդեցություն պիտի ունենա Թուրքիայի տնտեսության վրա։
Մեկ այլ հրապարակմամբ, «Անադոլուն» հարցումներ էր արել Կարսի շրջանում գործունեություն ծավալող որոշ գործարարների հետ։ Ըստ թուրքական աղբյուրի` այս գործարարները 29 տարի է սպասում են, որ Հայաստանի հետ անցակետը պետք է բացվի, երկաթուղին էլ գործարկվի` նպաստելով այդ շրջանում ոչ միայն առևտրի, այլև զբոսաշրջության աճին։

«Անադոլուն» իր հրապարակումներում նաև նշում է, որ եթե Երևան-Գյումրի–Կարս երկաթուղին միացվի Կարս–Անկարա երկաթուղուն, ապա կդառնա Հայաստանի զբոսաշրջային խաղաքարտերից մեկը։ Այս միտքը զարգացնում են նաև իշխանամետ «Հաբերթյուրք» լրատվամիջոցում, որտեղ, օրինակ, սյունակագիր Քյուրշադ Զորլուն նշում է, որ նախատեսվելիք բոլոր երկաթուղիների (այդ թվում` Ադրբեջանի հետ) իրար միացումը կարող է Հայաստան–Եվրոպա բեռնափոխադրման ուղի դառնալ։

Ընդհանրապես թուրքական մամուլում հատուկ ընդգծվում է Թուրքիայում` Կարսի նահանգի, իսկ Հայաստանում` Գյումրիի կարևորությունը։ Այս առիթով թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը զրուցել էր Կարսի Առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Էրթուղրուլ Ալիբեյօղլուի հետ, որը ասել էր, թե խոսակցություններն այն մասին, որ երկաթգիծը կարող է նորից վերագործարկվել, իսկ անցակետը` բացվել, այս շրջանում ոգևորություն է առաջացրել, և իրենք սպասում են, որ Հայաստանի հետ պիտի ցամաքային ու երկաթուղային կապ հաստատվի։ Ըստ նրա` այդ խոսակցություններից հետո «նոր ներդրողներ են սկսել զանգահարել Կարսի Առևտրի պալատ ու ներդրում կատարելու ցանկություն հայտնել»։
Բացի այդ, թուրքական աղբյուրները փորձում են առաջ տանել այն միտքը, որ երկաթուղու գործարկման դեպքում Գյումրիից, որը թուրքական աղբյուրներում էլ նշվում է որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, զբոսաշրջիկները գնացքով կգնան Կարս, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։
Այս առումով Գյումրիի վրա ուշադրությունը թուրքական մամուլում այնքան շատ է, որ «Անադոլուի» թղթակիցն, օրինակ, Գյումրիում որոշ հարցումներ էր արել բնակիչների շրջանում ու դա թուրքական մամուլում ներկայացվել էր այսպես. «Գյումրու բնակչությունն անհամբեր սպասում է երկաթուղու վերագործարկմանը և կարծում է, որ դրանից հետո Գյումրի քաղաք ավելի շատ զբոսաշրջիկներ պիտի գան»։
Թուրքական էքսպանսիան և Վրաստանի տխուր փորձը. ի՞նչ կարող է անել հայկական սփյուռքը
Քաղաքագետ–տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով թուրքական մամուլի այս ակտիվությունը նշեց, որ երկաթուղին ժամանակին Թուրքիան է փակել ու եթե հիմա իսկապես ուզում են այն վերագործարկել, ապա հավանականությունը շատ մեծ է, որ երկաթուղին կբացվի։ Այլ հարց է` դա ինչքանով է ձեռնտու Հայաստանի համար, ու դա կախված է բանակցություններից.
«Եթե Թուրքիայից պաշտոնյաներն ասում են`դա իրենց պետք է, դժվար թե սխալվեն, որովհետև կա ռազմավարական մշակույթ, այդտեղ իրենք կարողանում են լավ գնահատել իրենց կարիքները։ Իսկ այս պահի դրությամբ ինչքան երևում է՝ իրավիճակը Հայաստանի համար այդքան էլ նպաստավոր չէ, որովհետև գործընթացը հիմնականում Թուրքիայի օրակարգով է գնում»,–նշեց Միքայելյանը։
Հարցին` ինչքան կտևի երկաթուղու վերականգնումը հավանական գործարկման դեպքում, Մելիքյանը պատասխանեց, որ թեև վերականգնելու կարիք կա, բայց որոշ աշխատանքներ կատարվել են դեռ 10-12 տարի առաջ, երբ քննարկվում էր հայ–թուրքական սահմանի բացումը, իսկ այն հատվածը, որը չի աշխատում, շատ մեծ չէ, այսինքն վերագործարկելը իրականում դժվար չէ և շատ ռեսուրս չի պահանջում։ Ըստ Մելիքյանի` դա գործարկելը շատ ավելի հեշտ է, քան թեկուզ Ադրբեջանի հետ ցամաքային կապի հաստատումը։
Հիշեցնենք, որ Կարս-Գյումրի գծի վերականգնման հարցը Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առաջին փուլի օրակարգում էր դեռևս 2009 թվականին:
Այժմ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերականգնվել Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը։ Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։
Այդ դեպքում Կարսից բեռնատար գնացքները կարող են հասնել Ախուրյան (որտեղ ենթադրաբար կլինի հսկիչ անցակետը), ապա Գյումրի և Երասխ (Մասիսով), այնուհետև՝ Նախիջևան և Բաքու։