Այսօր ավարտվեց Պեկինի օլիմպիադայի գլխավոր ինտրիգը։ Գեղասահորդուհիները սառցադաշտ դուրս եկան` ցուցադրելու իրենց ազատ ծրագրերը։ Ի սկզբանե մրցումների գլխավոր հավակնորդներն ու ֆավորիտներն էին Ռուսաստանը ներկայացնող Կամիլա Վալիևան, Աննան Շչերբակովան և Ալեքսանդրա Տրուսովան։
Ռուսաստանցի մարզիկները շատ լուրջ հաղթաթուղթ ունեին` ուլտրա–սի թռիչքները։ Դրանք ոչ միայն «թանկ» էլեմենտներ են, որոնք մաքուր կատարելու դեպքում մրցավարները առավելագույն միավորներ են տալիս, այլև շատ ռիսկային։
Տրուսովան, որն անհավանական սահք ցուցադրեց և պատմության մեջ առաջին անգամ մեկ ծրագրի շրջանակում հինգ քառակի թռիչք կատարեց, արդյունքում երկու ծրագրերում հավաքած ընդհանուր միավորներով զիջեց թիմակցին` Աննա Շչերբակովային։
Պարգևատրումից առաջ նա հայտարարեց, որ ատում է սպորտը։ Նույնիսկ մի կողմ հրեց մարզիչ Էթերի Տուտբերիձեին, երբ նա փորձեց գրկել աղջկան։ Ավելի ուշ Տրուսովան հանդարտվեց` իր պահվածքը բացատրելով սթրեսային վիճակով։
Ինչ վերաբերում է օլիմպիական չեմպիոն Շչերբակովային, ապա նա արժանացավ բոլոր գովասանքներին` անթերի ելույթ ունենալով եզրափակիչում։
Մրցաշարից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նա ասաց. «Ես դեռ չեմ գիտակցում, որ օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Միայն գիտեմ, որ մաքուր եմ սահել։ Յուրաքանչյուր մրցումից հետո ավելի պարզ եմ տեսնում, թե ինչ է պետք անել ավելի լավ, մաքուր սահելու և ավելի լավ կենտրոնանալու համար։ Այս փորձն ինձ օգնեց։ Հիմա պարզապես երջանիկ եմ։ Այլևս ոչ մի էմոցիա չկա։ Դեռ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Չեմ կարողանում հավատալ, որ օլիմպիական խաղերն ինձ համար ավարտվեցին»։
Ճապոնուհի Կաորի Սակամոտոն նույնպես շատ լավ ելույթ ունեցավ` գրեթե անթերի կատարելով ազատ ծրագիրը։ Աղջիկն արժանացավ օլիմպիադայի բրոնզե մեդալին։
Այդուհանդերձ, մրցումներից հետո տհաճ զգացողություն մնաց։ Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ բոլորի աչքի առաջ իսկական դրամա տեղի ունեցավ. մրցաշարի գլխավոր աստղը` ոսկե մեդալի հավակնորդ Վալիևան չկարողացավ հաղթահարել իր վրա գործադրվող ճնշումն ու ձախողեց ելույթը։ Դոպինգ թեստի հետ կապված անհավանական սթրեսը չէր կարող չանդրադառնալ աղջկա վրա, սակայն նման ձախողման ոչ ոք չէր սպասում։
Կարճ ծրագրից հետո Կամիլան առաջին տեղում էր, Աննան` երկրորդ, Սաշան` չորրորդ։ Սակայն ազատ ծրագրում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Chempionat.ru–ի հետ զրույցում ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան այսպես նկարագրեց իրավիճակը. «Մենք ոսկի ունենք։ Բայց սա իսկական դրամա է։ Ահա թե ինչ կարելի է անել մարդու հետ։ Աղջկան հարվածում, հարվածում, հարվածում էին և վերջապես սպանեցին»։
Պեկինում տեղի ունեցածը դրանից լավ հնարավոր չէ նկարագրել։ Ինչպես ասաց գեղասահքի մեկ այլ աստղ Տատյանա Նավկան, այս դժոխքը դեռ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում։ Առջևում Վալիևային դեռ երկար պարզաբանումներ են սպասում, իսկ գուցե նաև որակազրկում։ Կարճ ասած, թե ինչպես ավարտվեց սառցային դրաման, բոլորս տեսանք։ Ինչ է լինելու հետո՝ դեռ հայտնի չէ։
Իսկ մինչ այդ գեղասահորդուհիների վառ կատարումներն ու անհավանական հույզերը դիտեք մեր ֆոտոշարքում։