Պատերազմի զոհերի մասունքների նույնականացումն ավարտվել է. կան չհուղարկավորված մասունքներ

Նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից` պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցները շարունակում են աշխատանքներ տանել հարազատների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանում կան արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացված մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,– ասաց Ավանեսյանը։

Նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, նախարար Ավանեսյանի խոսքով` պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցները շարունակում են աշխատանքներ տանել հարազատների հետ։
«Որոշ մասունքներ ծնողները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում». Ավանեսյան
«Կան նաև մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է։ Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ Մենք 100–ից մի փոքր ավելի մասնունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավատվել է։ Այս պահին կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, և ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,– հայտնեց Ավանեսյանը։
Միաժամանակ կան նաև մասունքներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի եղել նույնականացնել։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, արխիվացված են ու պահպանվում են պետության կողմից։