ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացվման համատեքստում ՀՀ կառավարությունը «Հյուսիս–հարավ» նախագիծը վերաձևակերպել է որպես «Հյուսի–հարավ–Արևելք– Արևմուտք» նախագիծ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս շրջանակներում այսօր հայտարարվել է «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։
Մրցույթին հայտ են ներկայացնելու այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել շինարարությանը։
«Դուք գիտեք, թե այս նախագիծը ինչ մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»,– ասաց Փաշինյանը,– Նախագծի արժեքը մի քանի միլիոն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր ՀՀ պատմության մեջ չի իրականացվել»։
Վարչապետը հույս հայտնեց, որ նախագիծն արագ տեմպերով կիրականացվի ու նաև պարզաբանեց, որ «Հյուսիս–հարավի» «հայկական խաչմերուկի» մի ճյուղը կգնա Հայաստանից դեպի Իրան, մյուսը` Ադրբեջանից Հայաստան, Նախիջևան, հետագայում Նախիջևանով` Թուրքիա։
«Իհարկե, Արևելք–Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը միաժամանակ հույս հայտնեց, որ առաջիկայում այդ պայմանավորվածությունները կամրագրվեն նաև փաստաթղթով։