ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գեղասահորդ Աննա Շչերբակովան դարձավ կանանց մենասահքի օլիմպիական չեմպիոն։
Այսպիսով Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին նա Ռուսաստանի հավաքականին բերեց 5-րդ ոսկե մեդալը։
Ալեքսանդրա Տրուսովան էլ նվաճեց արծաթե մեդալը, նա կատարել է 5 քառացատկ` ցույց տալով իր կարիերայի լավագույն արդյունքը։
Կամիլա Վալիևան, որը կարճ ծրագրից հետո առաջատարն էր, սակայն վերջին ելույթում կատարելով մի քանի սխալ` գրավեց 4-րդ տեղը։ Աղջնակը չկարողացավ հաղթահարել այս բոլոր օրերին նրա վրա գործադրվող հսկայական ճնշումները։ Ելույթի վերջում նա ձեռքը թափահարեց, բայց կարողացավ զսպել արցունքները։ Բոլոր սպորտային մեկնաբանները պնդում են՝ գեղասահորդուհուն կոտրել են՝ զրկելով մեդալից։
Կամիլա Վալիևան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի ազատ ծրագրի ժամանակ (17 փետրվարի, 2022թ)․ Պեկին
© Sputnik / Asatur Yesayants
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց ճապոնացի գեղասահորդ Կաորի Սակամոտոն։
Վալիևան 15 տարեկան է, նա Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է, աշխարհի ռեկորդներ է սահմանել: Շչերբակովան 17 տարեկան է, նա աշխարհի գործող չեմպիոն է։ 17-ամյա Տրուսովան էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, նաև Եվրոպայի առաջնությունների 2 բրոնզե մեդալ է նվաճել: