«Եվրանեսթում» ադրբեջանցիների հետ երկխոսություն չենք սպասում. ընդդիմադիր պատգամավորներ

Sputnik
Փետրվարի 21-22-ին Երևանում անցկացվելու են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց շրջանակում նախատեսվում է նաև ադրբեջանցի պատգամավորների այց Հայաստան։ Sputnik Արմենիան այս թեմայով խոսել է վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։
Ադրբեջանցիների հետ որևէ առանձին երկխոսություն չենք սպասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին ադրբեջանցիների Հայաստան այցն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Հայկ Մամիջյանը։
Խաչատրյանը նշեց, որ ինքը հստակ չգիտի` արդյոք ադրբեջանցիները գալու են, թե ոչ։ Ավելին` երկու օր է` փորձում է «Եվրանեսթի» հայաստանյան քարտուղարությունից մասնակիցների ցանկը ստանալ և դեռ չի ստացել։ Ըստ նրա` ո՛չ ինքը, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության մյուս անդամները ադրբեջանցիների հետ առանձին երկխոսություն չեն սպասում, նաև չեն պատրաստվում մասնակցել «Եվրանեսթի» համատեղ ընթրիքին։
«Ադրբեջանցիները գալիս են, որովհետև ինչպես Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը նույն կազմակերպության անդամ են ու գալիս են, որովհետև հանդիպումը Հայաստանում է անցկացվում, չեն գալիս որևէ կողմի հրավերով»,–ասաց Արթուր Խաչատրյանը։
Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ իր հռետորաբանությունն ու ասելիքը, որը վերաբերում է մեր երկրի առաջնահերթություններին, մասնավորապես թուրք–ադրբեջանական տանդեմի ագրեսիային և լկտիությանը, որևէ կերպ չի փոփոխվելու դահլիճում ադրբեջանցիների ներկայությունից.
«Շատ ավելի լավ, որ իրենք էլ ներկա լինեն, լսեն։ Երկխոսություն չեմ սպասում ադրբեջանցիների հետ։ Իրենցից ակնկալում եմ, որ պիտի շարունակեն բանակցային նույն թեզերը, որոնք իրենք տասնամյակներ շարունակ ասել են և որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հնչեցվում են հանրային հեռուստաընկերության և ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից»,–հավելեց Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց, որ նա ևս չի պատրաստվում ներկա լինել կազմակերպվելիք համատեղ ընթրիքին։
Հիշեցնենք, որ 2015թ., երբ վեհաժողովի 4-րդ լիագումար նիստն էր անցկացվում Հայաստանում, ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր մասնակցել` պատճառաբանելով, թե Ադրբեջանը «երկար ժամանակ բողոքել է» տվյալ կազմակերպությունում Հայաստանի նախագահության դեմ, և «չնայած դրան», Խորհրդարանական վեհաժողովը որոշել է լիագումար նիստն անցկացնել Երևանում։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի, հաջորդ տարիներին Բաքվում անցկացվող հանդիպումներին հայկական կողմը միշտ ներկա է եղել։
Նշենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից` որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։