ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բարթ Գորմանին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը:
«Ռուսաստանը արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Բարթ Գորմանին, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը նշանակությամբ երկրորդ պաշտոնյան էր դեսպանից հետ և դեսպանատան բարձրագույն ղեկավար կազմի առանցքային անդամը», — հայտնել է նա։
Ռեբհոլցը գործակալությանն ասել է, որ Գորմանը գործող վիզա է ունեցել, նա Ռուսաստանում է եղել մոտ երեք տարի:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դիվանագետի արտաքսումը «էսկալացիոն քայլ» է որակել և դիտարկում է պատասխան միջոցների հնարավորությունը:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում ռուս դիվանագետների աշխատանքի պայմանները գնալով բարդանում են։ Ինչպես ավելի վաղ նշել է Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Մոսկվային ամբողջությամբ զրկել են հյուպատոսական ներկայությունից Ամերիկայի արևմտյան ափին, որտեղ տասնյակհազարավոր ռուսներ են ապրում: Վաշինգտոնը նաև կտրուկ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը։
Բացի այդ, ռուս դիվանագետներին պարբերաբար արտաքսում են ԱՄՆ-ից։ Այսպես՝ սեպտեմբերին Վաշինգտոնը Մոսկվային էր փոխանցել աշխատակիցների հերթական ցուցակը. 27-ը պետք է ԱՄՆ-ից հեռանային մինչև հունվարի 30-ը, ևս 28-ը՝ 2022-ի հունիսի վերջին:
Հունիսին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ժնևյան բանակցություններից հետո Մոսկվան և Վաշինգտոնը սկսեցին շփումները դեսպանատների աշխատանքը կարգավորելու շուրջ, սակայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, այդ գործընթացը «դոփում է տեղում» Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան փորձերի պատճառով։
Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել, վատթարացել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետության սահմանին: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում և լրացուցիչ ուժեր ու զորակազմ ուղարկում այնտեղ։
Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ դրանք պատրվակ են դաշինքի ռազմական ներկայությունը ռուսական սահմանների մոտ ուժեղացնելու համար։