Թուրքմենստանում ճանապարհ են տալիս երիտասարդներին. նախագահ հորը կփոխարինի որդին

Գուրբանգուլի Բերդիմուհամեդով. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանցու համար երևի այնքան էլ անսովոր չէ, երբ երկրի առաջնորդը հեռանում է 63 տարեկանում։ Դե մեզ մոտ հենց այդ տարիքում են մարդիկ կենսաթոշակի անցնում։
Sputnik
Թուրքմենստանում, սակայն, շատերը զարմացան, երբ անցած շաբաթավերջին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անսպասելիորեն հայտարարեց, թե հրաժարվում է նախագահի պաշտոնից՝ հօգուտ երիտասարդ կադրերի։ Ոչ ոք չի էլ կասկածում, որ այդ «երիտասարդ կադրը» նախագահի որդի Սերդարն է։
Սերդարը, այսպես ասած, «հասունացել» է՝ մի քանի ամիս առաջ 40 տարեկան է դարձել, ինչն ըստ սահմանադրության, պարտադիր է նախագահ ընտրվելու համար, ու նաև մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, նույնիսկ փոխվարչապետի պաշտոնը, որը հատուկ նրա համար ստեղծել է հայրը։
Բա հո իզուր չեն Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին անվանում «Արքադագ», ինչը նշանակում է «Հովանավոր»։ Իհարկե, ենթադրվում է, որ ժողովրդի հովանավորը պիտի լիներ, բայց անկախ դիտորդները փաստում են՝ նախագահը հիմնականում հովանավորել է իր 80 ազգականներին, որոնք տնօրինում են ամեն ինչ՝ բենզալցակայաններից մինչև դեղատներ։
Շարքային աշխատողների պարտականությունն էլ այն է, որ բոլոր տոների ժամանակ ողջ կոլեկտիվներով կիզիչ արևի տակ շարվեն կենտրոնական պողոտաներում ու ողջունեն շքեղ սպիտակ մեքենաներով անցնող ղեկավարներին։ Սև մեքենաները Թուրքմենստանում, չգիտես ինչու, արգելված են։
Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները
Շատերը Թուրքմենստանը համեմատում են Հյուսիսային Կորեայի հետ, և զուգահեռներ իրոք կան։ Երկու երկրներում էլ իշխանությունները թույլ չեն տալիս քաղաքացիներին մեկնել արտերկիր։ Ոչ էլ օտարերկրացիների մուտքն են ողջունում։ Այդ առումով Թուրքմենստանը, որը հանգիստ կարելի էր այցելել Սովետի ժամանակ, Հյուսիսային Կորեայի նման հիմա դասվում է աշխարհի ամենափակ պետությունների թվին։
Ճիշտ է, Աշխաբադում գրեթե բոլոր շենքերը առաջին հարկից մինչև տանիքը զարդարված են արբանյակային ափսեներով, բայց իրավապահները պարբերաբար շրջայցեր են իրականացնում և հանում դրանք, իսկ ինտերնետային որոշ թույլատրված կայքեր տեսականորեն հասու են, բայց այնքան թանկ, որ սովորական քաղաքացին մտածում է՝ ինչի՞ս է պետք ինտերնետը, երբ նույնիսկ հաց չունեմ։
Ուտելիքը Թուրքմենստանում իրոք թանկ է։ Օրինակ, երբ բողոքում ենք, թե մեզ մոտ կարտոֆիլի գինը հասել է 300 դրամի, հաշվի առնենք, որ Աշգաբադի մասնավոր խանութներում այն արժե ավելի քան 1000 դրամ մեկ կիլոգրամի համար, իսկ տեղական պանիրը վաճառում են մոտ 20 դոլարով։ Մոտավորապես այդքան էլ արժե մեկ կիլոգրամ տավարի միսը։
Ինչո′ւ եմ վկայակոչում հենց մասնավոր խանութների գները։ Այո′, պետական խանութում սննդամթերքն ավելի էժան է, բայց փորձեք գնել՝ չկա, իսկ երբ լինում է, հսկայական հերթեր են գոյանում, և շատ հաճախ ամեն ինչ ավարտվում է ծեծկռտուքով։ Դրա համար էսպիսի երևույթ է առաջացել Թուրքմենստանում՝ մարդիկ փող են տալիս խանութի վարիչին, որպեսզի նախօրոք տեղեկացնի իրենց, որ վաղը, ասենք, ձեթ ու բրինձ են բերելու, որպեսզի առավոտից առաջինը հայտնվեն հերթում։
Շատերը կասեն՝ բայց փոխարենը թուրքմենական ընտանիքը ոչինչ չի մուծում էլետրականության, գազի, ջրի և բենզինի համար, իսկ մենք՝ հայաստանցիներս, մանավանդ ձմռան այս ամիսներին, հո լավ գիտենք, թե ինչպես են կոմունալ վճարումները խժռում մեր ընտանեկան բյուջեն։ Կներե′ք, Թուրքմենստանի «սոցիալիստական դրախտի» մասին պատկերացումներն արդեն մի քանի տարի է, ինչ այլևս չեն համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, այդ արտոնությունները վերացվել են, ինչպես ասում են՝ հաշվի առնելով բազմաթիվ աշխատավորների ցանկությունները։
Կան վատ, շատ վատ նախկիններ, և կան լավ, շատ լավ նախկիններ, որոնց կարելի է նախագահ կարգել
Այո′, ավագանու անդամները՝ ակսակալները, հավաքվել են և հատուկ դիմել նախագահին՝ ուզում ենք ինքներս մուծել, որպեսզի թեթևացնենք պետության հոգսը։ Դե իսկ ժողովրդի ասածը առաջնորդի համար օրենք է։ Սա մենք շատ լավ գիտենք Հայաստանի օրինակով, որտեղ իշխանությունները առանց մեր ասելու էլ պարզապես կռահում են մեր ցանկությունները և բարձրացնում ջրի ու հոսանքի սակագները։
Փոփոխություն կլինի՞ արդյոք Թուրքմենստանում, երբ մարտի 12-ին նշանակված ընտրություններից հետո Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի աթոռին կնստի նրա որդին։ Դե մի փոփոխություն հաստատ կլինի։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների առանձնասենյակներում նոր լուսանկար կհայտնվի, որովհետև դա պարտադիր է. պետական չինովնիկները անպայման պիտի իրենց գլխավերևում ունենան առաջորդի դիմանկարը՝ ով էլ լինի այդ ղեկավարը։ Ասում են՝ դա կտրուկ բարձրացնում է կառավարության աշխատանքի արդյունավետությունը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրաժարական կտա