Սյունիքում այրված դիակների կողքին 2 պայուսակ են հայտնաբերել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Դիակ, արխիվային լուսանկար
Կնոջ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված է եղել։ Հայտնաբերված պայուսակներից մեկում օղու շշեր են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Քննիչները փորձում են պարզել կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները, ՀՀ քննչական կոմիտեն զարհուրելի դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնում։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների այրված դիակները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքար» մշակույթի չգործող շենքում։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ քննչական–օպերատիվ խումբը դեպքի վայրում` շենքի մուտքի հատվածում և բակում, հայտնաբերել է իգական սեռի` մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր:

Դիակների շրջակայքում հայտնաբերել են նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ) հատկանիշներով։ Այժմ իրականացվում են անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ`ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու համար։
Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արամայիս և Էլմիրա Գրիգորյանները փետրվարի 11-ին տնից դուրս էին եկել ու չէին վերադարձել։ Նրանց դիերը հայտնաբերվել են փետրվարի 15-ին։