Մեր երեխաների դասի գնալու հարցը թող լուծեն. մարմարաշենցիները փակել են ճանապարհը

Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Խոսք էին տվել դեռ երկուշաբթի օրը հարցը լուծել, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը։
Նրանք բողոքում են իրենց գյուղի տրանսպորտի խնդրի պատճառով։

Մարմարաշենցի Մարտունը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ «Մեզ ուրբաթ օրը խոսք էին տվել, որ հարցը կլուծվի, երկուշաբթի ոչինչ չէր փոխվել, մենք էլ որոշեցինք փողոցը փակել։ Մեր երեխաների դասի գնալու հարցը թող լուծեն»,– ասաց Մարտունը։

Հիշեցնենք, որ գյուղացիները նույնաբովանդակ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև հունվարի 23-ին։ Նրանք զրկվել են գյուղը սպասարկող թիվ 44 երթուղուց, քանի որ շահագործման ժամկետը լրացել է։
Տեղեկացնենք, որ 44 երթուղին սպասարկում է Մարմարաշենից Արգավանդ ճանապարհը՝ անցնելով Նոր Խարբերդ- Նորագավիթ- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնք գծով։