«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ։ Եթե բուհերի դասախոսների աշխատավարձերը կտրուկ չբարձրանան, կրթության որակը չփոխվի, չենք ունենա չորս առաջատար հաստատություն։ Բացի դրանից, պարզ չէ, թե ինչ դասակարգմամբ պետք է ընտրվեն առաջատար բուհերը և որ համակարգով են դրանք մտնելու լավագույն 500–ի մեջ։ Համակարգերից մեկով Երևանի պետական համալսարանը 800–ից 1000 բուհերի ցանկում արդեն իսկ ընդգրկված է։ Հարևան Վրաստանն, օրինակ, կարողացել է մի քանի ուսումնական հաստատություններ առաջ մղել բավականին մեծ ներդրումների շնորհիվ»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
«Գուցե արհեստագործական և միջին մասնագիտական կրթության դեպքում դա որոշ չափով հնարավոր կլինի, բայց բարձրագույն կրթության պարագայում նման ուղենիշի հասնելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, որովհետև այսօր շրջանավարտների մեծամասնությունն իր մասնագիտությամբ չի աշխատում, և ես չեմ կարծում, որ առաջիկա ութ տարում մենք այդքան կբեկենք իրավիճակը։ Շուկայական տնտեսության պայմաններում նման արդյունքի հասնելն անհավանական է, առավել ևս, որ այսօր բուհերի ու աշխատաշուկայի միջև անմիջական կապ չկա»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։