Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում աճել է հանցանքների ու բացահայտումների թիվը

Արթուր Դավթյանը վարչական շրջաննների դատախազների հետ ամփոփել է 2021թ. գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության դատախազների հետ ամփոփել է 2021թ. թվականի գործունեության արդյունքները:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ներկայացվել է, որ 2021թվականին նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց:
2021թ. ընթացքում դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով:
Նույն ժամանակահատվածում դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ:
Բացի այդ, ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու պատճառով դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այդ գործերից 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Դավթյանը շարունակում է պաշտոնավարել. դատախազությունը հորդորում է չհավատալ բամբասանքին
Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն:
Հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ, ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: