Կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան, նա վերադարձվել է Հայաստան. դատախազություն

Գլխավոր դատախազություն
Դատարանը լրացուցիչ որոշմամբ փոփոխել է նախկին որոշման մեջ տեղ գտած անճշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու սխալմամբ վտարումը Ռուսաստանից դեպի Ադրբեջան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ ՀՀ քաղաքացին ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, և դատարանը որոշում էր կայացրել նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին:
Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ուստի առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ:
ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին:
ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, և անձը վերադարձվել է Հայաստան: