ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին գերատեսչական հուշամեդալ է հանձնել, տեղեկությունը հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմը։
Նշենք, որ Թաթոյանն աշխատանքային այցով Արցախում է։
«Հատկանշական է, որ Ձեր պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով՝ ամփոփելով կատարած աշխատանքը նաև արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուզում եմ արժևորել Ձեր իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում»,- նշել է Բեգլարյանը:
Թաթոյանն էլ իր հերթին ասել է, որ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Արցախի պաշտպանի հաստատությունը պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան ընթացքում ցույց տվեց իր կայացվածությունն ու բարձր մշակույթը:
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։