ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հակակոռուպցիոն, դատական ոլորտներում բարեփոխումների արդյունքում պետք է հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը: Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ ՀՀ 2021-ի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Դրանք առնչվել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դատախազության, քննչական մարմինների, ԱԺ–ի գործունեությանն ու առանձին գործառույթների իրականացմանը:
«Մեր խնդիրն է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներում Հայաստանի իմիջը շարունակական բարձրացնել, այնպես որ, պետք է այս հարցում լինենք մաքսիմալ հետևողական»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետին տեղեկացրել են, որ 2021 թվականին ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքների անդամների հայտարարագրերը: Արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, որոշ գործեր էլ ուղարկվել են դատախազություն:
Նախորդ տարվա ընթացքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք, որոնցից 15-ը՝ մեդիա հրապարակումների հիման վրա:
Վերոնշյալ հիմքով հարուցվել է 3 վարույթ: Միաժամանակ իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձի բարեվարքության ուսումնասիրություն, տրվել են համապատասխան եզրակացություններ:
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը ստեղծվել է 2019-ի հունիսի 24-ի որոշմամբ։
Խորհրդի առաջին նիստը կայացել է 2019-ի հուլիսի 12-ին, որի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձևերով պայքար մղելը։