ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերականգնում է մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Facebook–ի պաշտոնական էջում նման հայտարարությամբ է հանդես եկել խմբակցությունը։
Խմբակցությունը հիշեցնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որ կասեցնում են իրենց մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին: Իսկ հայտարարության հիմքը եղել է խմբակցության պատգամավորների կալանավորումը և այլ պատգամավորների (այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված) տեղաշարժի սահմանափակումը:
«Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը»,–ասվում է խմբակցության հայտարարության մեջ։
Եվ հիմա, հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ խմբակցության պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։
Նշենք` ՍԴ այն որոշումից հետո, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար) ազատ էին արձակվել: