ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանում 2021 թվականին աճել է POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների ծավալը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը։
2021 թվականին, 2020-ի համեմատ, բանկային քարտերով էլեկտրոնային գործարքների թիվն ավելացել է 84 տոկոսով, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ 56 տոկոսով:
Համացանցով արված գործարքների ցուցանիշն աճել է հիմնականում փոքր գործարքների հաշվին (ինտերնետի միջոցով գործարքների քանակն աճել է մոտ 50%–ով, իսկ ծավալը՝ միայն 2,5%-ով):
Ամենից շատ աճել է բանկոմատներով արված գործարքների ցուցանիշը (մոտ 60%): POS տերմինալների միջոցով հաշվարկներն աճել են մոտ 15 տոկոսով, ընդ որում՝ խանութներում, ռեստորաններում և սրճարաններում դրանք գնալով ավելանում են (2021 թվականին՝ ավելի քան 40 տոկոսով):
8,3 տոկոսով աճել է նաև բանկային քարտերի թիվը՝ կազմելով մոտավորապես 2 մլն 703 հազար:
«Իհարկե, աճը կապված է նաև թոշակառուների հետ, որոնց մի մասը 2022 թվականից սկսել է թոշակ ստանալ քարտերով։ Բայց միայն թոշակառուները չեն, որովհետև նրանք հիմնականում ArCa քարտեր են ստանում, աճել է Visa և Master քարտերի թիվը», – ասաց Սարգսյանը։
Նշենք, որ բանկային քարտերի թվի աճը զգալի չափով կարող է կապված լինել աշխատավարձերի տրամադրման և ստվերային զբաղվածությունն օրինականացնելու հետ: 2021 թվականին, Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659,5 հազարի, ինչը մոտ 37,6 հազարով շատ է 2020-ի ցուցանիշից։
Բանկային քարտերով գործարքների ծավալը 2021 թվականին կազմել է մոտ 4,3 տրլն դրամ կամ մոտ 9 մլրդ դոլար:
2021 թվականին հանրապետության բանկային համակարգի հաճախորդների թիվն աճել է 3,1 տոկոսով, իսկ բանկային հաշիվների թիվը կազմում է 3 մլն 351 հազար (հաշվի առնելով, որ մեկ հաճախորդը կարող է հաշիվ ունենալ մի քանի բանկերում):