ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արցախի ոստիկանները «Facebook» սոցիալական ցանցի միջոցով կատարված խարդախության դեպք են բացահայտել, որի հետևանքով արցախցիներից գումար են շորթել։
Մասնավորապես, պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով, Ն.Ադամյանը նախնական համաձայնության գալով չպարզված անհայտ անձի (անձանց )հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով գումարներ է շորթել։
Նշվում է, որ Ադամյանը 033636315 և 091456543 հեռախոսահամարներով բացված Թել-Սել էլեկտրոնային դրամապանակներին, «IDBank» ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին և «Vivarobet» բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել է փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24.000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ և Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր 56.500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է։
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն ընդունվել վարույթ: Կատարվում է հետաքննություն: